Ֆիլիպինների Լուսոն կղզում ժայթքել է Մայոն հրաբուխը։ Այս մասին հայտնել է Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ մոխիրը բարձրացել է հրաբխի խառնարանից 3 կիլոմետր բարձրության վրա (ծովի մակարդակից մոտ 5,5 կիլոմետր բարձրության վրա)։ Ծխի և մոխրի քուլան տարածվել է հարավարևմտյան ուղղությամբ։
Ժայթքման կապակցությամբ իշխանությունները վտանգի մակարդակը հնգաստիճան սանդղակով երկրորդից բարձրացրել են երրորդի։ Ինստիտուտը խորհուրդ է տվել տարհանել խառնարանից 6 կիլոմետր շառավղով տարածքի բնակավայրերի բնակիչներին, ինչպես նաև հիշեցրել է քարաթափումների, ցեխահոսքերի և հրաբխային ակտիվության այլ հետևանքների սպառնալիքի մասին։
Մոտ 2,5 հազար մետր բարձրությամբ Մայոն հրաբուխը գտնվում է հանրապետության ամենամեծ՝ Լուսոն կղզում և իր կոնաձև տեսքի շնորհիվ հայտնի տեսարժան վայր է։ Այն համարվում է Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխը։ Առավել աղետալի հետևանքներ է ունեցել 1814 թվականի ժայթքումը։ Դրա հետևանքով զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, մի քաղաք թաղվել է լավայի տակ։



























