Nord Stream AG ընկերությունը, որն իրականացնում է համանուն` «Հյուսիսային հոսք» գազամուղի շինարարական նախագիծը, 26 տարբեր բանկերից ստացել է 3,9 մլրդ եվրոյի վարկ: Այս վարկի համար որպես երաշխավորող կողմ հանդես են եկել Գերմանիայի եւ Իտալիայի Hermes եւ Sace գործակալությունները:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ Nord Stream ընկերության ֆինանսական տնօրեն Պոլ Կորկորանի (Paul Corcoran) հայտարարության համաձայն` գազամուղի շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ ամիս:
«Հյուսիսային հոսք» նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 7,4 մլրդ եվրո: Nord Stream AG ընկերության բաժնետերեր են ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն (51 տոկոս), գերմանական BASF եւ E.On (20 տոկոս) եւ N.V. Nederlandse Gasunie (9 տոկոս) ընկերությունները: Առաջիկայում այս ընկերություններին կմիանա նաեւ ֆրանսիական GDF Suez ընկերությունը` 9 տոկոս բաժնեմասով:
«Հյուսիսային հոսք» գազամուղն անցնելու է Բալթիկ ծովի հատակով եւ Եվրամիության երկրներին մատակարարելու է տարեկան 55 մլրդ խմ գազ:



























