Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի17-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվել են ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հ. Աբրահամյանը կարեւորել է ԵՄ-ի եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ քաղաքական ասոցացման ու հետագա տնտեսական ինտեգրման անհրաժեշտությունը` նշելով, որ խորհրդարանական համագործակցությունը էապես կարող է խթանել այդ գործընթացները: Նա բարձր է գնահատել Եվրանեսթի դերը «Արեւելյան գործընկերության» ծրագրի նպատակների իրականացման մեջ:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայկական կողմի առաջարկները «Եվրանեսթի» կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահը Եվրախորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան: