Այսօր` մարտի 17-ին Փարիզում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի իշխանությունները ներկայացրել են հասարակական կյանքի մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու միջոցառումների գրաֆիկ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված գրաֆիկի համաձայն, մինչեւ այս տարվա վերջ պետք է բարեփոխվի ընտրական օրենսգիրքը, ինչը թույլ կտա արդեն 2011 թվականին նախապատրաստվել հերթական ընտրություններին: Նա հավելել է նաեւ, որ այդ ուղղությամբ առաջին քայլերը կձեռնարկվեն առաջիկ ամսվա ընթացքում, մինչեւ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը:
Դավիթ Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ իշխանությունների կողմից միջոցառումների գրաֆիկը նախատեսում է զանգվածային միջոցառումների վերաբերյալ նոր օրենքի ընդունում: Իսկ ազատ կապուղիների մրցույթ, որին կարող է մասնակցել նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը, տեղի է ունենալու հուլիսին:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով, Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն ողջունել է ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված միջոցառումների գրաֆիկը, ընդգծելով, որ Մոնիտոնինգի հանձնաժողովը ուշադրությամբ հետեւելու է իշխանությունների ստանձնած պարտավորությունների կատարմանը: Համազեկուցողը նաեւ բարձրացրել է համապատասխան հետեւություններ անելու անհրաժեշտության հարցը, որոնք ուղղված են արդարդատության համակարգում բարեփոխումների իրականացնելուն` համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած զեկույցի:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույց է հրապարակել 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության ներկայացուցիչների քաղաքական դատավարությունների վերաբերյալ:
Ապրիլին համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը այցելելու են Երեւան, որտեղ ավելի հանգամանորեն կքննարկեն ՀՀ իշխանությունների առաջարկած բարեփոխումների ծրագիրը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը մեկ օր առաջ վստահություն էր հայտնել, որ իշխանությունների առաջարկած գրաֆիկը կազմված է լինելու կիսատ միջոցառումներից:



























