Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է Լոնդոնում արած հայտարարությամբ իր դեմ հանել թուրքական ընդդիմության մի զգալի հատվածին: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է թուրքական խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալին:
Հիշյալ կուսակցության գլխավոր խորհրդի նիստում քննարկվել է նաեւ Թուրքիայի վարչապետի Լոնդոնում արած հայտարարությունը: «Էրդողանի խոսքերը անընդունելի են, վտանգավոր եւ անհաջող: Թուրքիա աշխատելու եկած անձանց չի կարելի որպես հաղթաթուղթ օգտագործել ինչ որ կոնֆլիկտում, այն դեմ է մարդու իրավունքներին»-նշել է Դենիզ Բայկալը:
Հայտնի է դարձել, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդում որոշվել է պահանջել, որ Հայաստանի հետ հարաբերությունները քննարկվեն Թուրքիայի խորհրդարանում:
Նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աշխատանքների հենց սկզբից տվյալ կուսակցությունը դեմ է եղել առանց Ղարաբաղի խնդրի լուծման Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն եւ մշտապես պահանջել է ետ կանչել թուրքական խորհրդարանից ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ օրեր առաջ հենց «Ժողովրդահանրապետական» կուսակցության սկանդալային կին պատգամավոր Ջանան Արըթմանը պահանջել է Թուրքիայում անօրինական ապրող հայերին վտարել եւ ետ կանչել արձանագրությունները խորհրդարանից:




























