Խոսրովի արգելոցում սպանված Մխիթար  Սեդրակյանը Գառնի գյուղի բնակիչ, արգելոցի ուղեփակոցի տեսուչն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Խոսրովի» արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը:

Նա նշեց, որ դեպքը եղել է երեկոյան 20.50-ի սահմաններում, բայց նրա դին հայտնաբերել են լուսադեմին, երբ հատուկ ջոկատը հսկողություն իրականացնելիս մտել է արգելոց եւ տեսել սպանված աշխատակցին:

Տնօրենը նշեց, որ նախորդ օրը այցելուներ չեն եղել, ոչ մեկ չի մտել արգելոց: Տարածքում տեսախցիկներ կան, որոնք ամեն ինչ ֆիքսել են: Հրաչյա Հովակիմյանը շատ մանրամասներ չհայտնեց, որպեսզի չխանգարի նախաքննությանը: Բայց նշեց, որ կրակոցը եղել է դիմացից՝ թաքնված տեղից, մոտ 10 մետր հեռավորություն է եղել, հնչել է մեկ կրակոց եւ այն դիպել է Մխիթար Սեդրակյանին՝ սրտի հատվածում:

Տնօրենն ասաց, որ Մխիթար Սեդրակյանը երեք ամսվա աշխատող էր, շատ նորմալ մարդ, լավ աշխատող, ուներ 4 երեխա, որդին բանակում է:  Նա նշեց, որ բոլորը արգելոցում ապշած են տեղի ունեցածից, երբեւէ նման դեպք չէր եղել: «Չեմ կարծում, որ նա թշնամիներ ունենար: Եկել էին նրան սպանելու, եթե արգելոց մտնելու խնդիր լիներ, կարող էին ցանկացած տեղով էլ մտնել, բաց տարածք է: Չեմ կարծում, որ միջադեպը կապ ունի իր աշխատանքի հետ, քննություն է ընթանում, կպարզի ամեն ինչ» ,- ասաց Հրաչյա Հովակիմյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 07:05-ին, հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 50-ամյա Մխիթար  Սեդրակյանի  կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: