Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ընտրել է զենիթահրթիռային նոր համալիրների մատակարարման համար 2009թ.-ից  հայտարարված T-Loramids մրցույթի հաղթողին: Հաղթողը չինական China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերությունն է, որը թուրք զինվորականներին  HQ-9 համալիրներ է առաջարկում: Դրանք նմանեցված են ռուսական  С-300В համալիրներին: Մրցույթին մասնակցում էր նաեւ «Ռոսօբորոնէկսպորտ»-ը` С-300ВМ «Անտեյ-2500» համալիրներով:

Չինական ընկերության հետ զենիթային համալիրների մատակարարման երեք միլիարդ արժողությամբ պայմանագիր է ստորագրվել: Սեպտեմբերի 26-ին հայտերն ուսումնասիրելուց հետո թուրք զինվորականները որոշել էին, որ չինական առաջարկը լիովին բավարարում է տեխնիկական պահանջներն ու ամենաէժանն է:

Համաձայն մրցույթի պայմանների` չինական CPMIEC ձեռնարկությունը Թոււրքիայի տարածքում զենիթահրթիռային HQ-9 համալիրների համատեղ արտադրություն կհիմնի:

Պայմանագրի պայմաններով` չինացիները թուրքերին պետք է ռադիոտեղորոշիչ կայաններ մատակարարեն,  որոնք ընդունակ են ոչնչացնելու ոչ միայն թռչող սարքերը, այլեւ հրթիռները:

Lenta.ru-ն նշում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը թուրքերին քանիցս զգուշացրել էր զերծ մնալ չինական կամ ռուսական զենիթային համալիրներ գնելուց: Դաշինքի մասնագետնները նշում էին, որ HQ-9 կամ С-300ВМ գնելու դեպքում Թուրքիան չի կարող դրանք ինտեգրել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության եւ օդային վերահսկողության միասնական համակարգում: