Գերմանական հատուկ գործողությունների հրամանատարությունը (KSK) վերակառուցում է իր պատրաստությունը՝ հաշվի առնելով Մոսկվայի հետ հնարավոր ռազմական բախումը։ «Մենք միանգամայն հստակ կողմնորոշվում ենք Ռուսաստանի կերպարով ներկայացող հակառակորդի վրա»,- Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է KSK-ի հրամանատար Անդրեաս Կյունեն։ Ըստ նրա՝ նախկինում գործողությունները ծրագրավորվում էին մոտ երեք օրվա համար, սակայն այժմ մարտիկները պատրաստվում են շատ ավելի երկար մնալ դաշտային պայմաններում։

Բացի դրանից, հատուկջոկատայինները կրկին մարզվում են դիմակայելու այնպիսի հակառակորդի, որն ունի տանկեր, հրետանի, անօդաչու սարքեր և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։ Մշակվում են նաև գործողություններ ծայրահեղ ցրտի պայմաններում. KSK-ը պատրաստվում է արևելյան թևին բնորոշ պայմաններին։

Ստորաբաժանումը տեղակայված է Կալվում գտնվող Ցեպելինի զորանոցներում՝ Շտուտգարտից ոչ հեռու։ KSK-ում ծառայում է մոտ 1500 մարդ։ Սակայն նրանց միայն մեկ երրորդն են հատուկջոկատայիններ, մնացածը՝ վարչական անձնակազմ։ Ընտրությունը չափազանց խիստ է. այն անցնում է թեկնածուների միայն մոտ 15 տոկոսը։ Ընդամենը մի քանի տարի առաջ ամենաէլիտար ստորաբաժանման ապագան մազից էր կախված։ Ծայրահեղ աջերի մասնակցությամբ միջադեպերը, նացիստական ողջույնը և խոզի գլուխները հրաժեշտի երեկույթի ժամանակ, զինամթերքի անհետացումը, ինչպես նաև KSK-ի զինծառայողի մոտ զենքի և պայթուցիկների գաղտնարանի հայտնաբերումը ցնցեցին ստորաբաժանումը։ 2020 թվականին հատուկ ջոկատի վաշտերից մեկը լուծարվել էր։