Իսրայելի արտգործնախարարությունը հոկտեմբերի 4-ին ԵԽԽՎ-ին կոչ է արել անհապաղ չեղյալ համարել հոկտեմբերի 2-ին ընդունած բանաձեւը, որի համաձայն թլպատումը համարվում է մարդու իրավունքների, մասնավորապես, երեխաների ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի խախտում:

 «Տղաների թլպատումը կրոնական հին ավանդույթ է հուդայականության մեջ եւ իսլամում, նաեւ տարածված է քրիստոնեական որոշ շրջանակներում: Կանանց սեռական օրգանների խեղման բարբարոսական եւ դատապարտելի սովորույթի հետ թլպատման ավանդույթի ցանկացած համեմատությունը լավագույն դեպքում բացառիկ անգրագիտության դրսեւորում է, վատագույն դեպքում՝ բամբասանք եւ կրոնական ատելություն», - գերատեսչության հայտարարությունն է մեջբերում The Jerusalem Post-ը:

Իսրայելի ԱԳՆ-ն նաեւ ընդգծում է, որ թլպատումը չի վնասում առողջությանը:

Բանաձեւում նշված է, որ վաղ տարիքում տղաների կրոնական թլպատումը «երեխաների ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի խախտում է»:

ԵԽԽՎ-ն նաեւ անդամ երկրներին կոչ է արել իրենց երկրներում հանրային քննարկում կազմակերպել այն մասին, թե որքանով է թլպատումը հանդիսանում  մարդու իրավունքների խախտում, հայտնում է lenta.ru-ն:

2012թ. գարնանը Գերմանիայում Քյոլնի դատարանը թլպատման ծիսակարգը քրեական հանցագործություն էր ճանաչել, ինչը գերմանացի հրեաների ու մահմեդականների շրջանում դժգոհությունների առիթ էր դարձել: Արդյունքում երկրի խորհրդարանը օրենք էր ընդունել, որով մինչեւ 14 տարեկան երեխաների թլպատումը թողնվում էր ծնողների հայեցողությանը: