Իտալացիները, այդ թվում՝ վարչապետ Անջելինո Ալֆանոն, առաջարկում են Խաղաղության նոբելյան մրցանակով պարգեւատրել Լամպեդուզա կղզու քաղաքապետին եւ բնակիչներին, ինչի համար նրանք պատրաստ են առաջիկայում համապատասխան գործընթաց սկսել:
Որոշումը կայացվել է այն պատճառով, որ կղզու բնակիչները օգնել են հազարավոր ներգաղթյալների, որոնք գրեթե ամեն օր ժամանում են Իտալիայի ափերին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով Corriere della Sera պարբերականը: Ավելի վաղ նման առաջարկությամբ էին հանդես եկել պարբերականի ընթերցողները: Նրանց կարծիքով՝ Լամպեդուզան աշխարհի համար եղբայրության, գթասրտության եւ առատաձեռնության օրինակ է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի երեքին Լամպեդուզայի ափերի մոտ նավաբեկության էր ենթարկվել Լիբիայից հինգ հարյուր փախստականներ տեղափոխող նավ: Նախնական տվյալներով՝ նավն այրվել է կղզու ափերից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:
Այսօր առավոտյան փրկարարներն ու առափնյա գվարդիան ծովից դուրս են բերել 111 զոհերի մարմիններ: Դեռեւս հարյուրավոր մարմիններ մնում են նավի բեկորների տակ: Փրկել հաջողվել է մոտ 150 մարդու: Մոտ 200 մարդու ճակատագիր դեռեւս անհայտ է մնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























