Հնդկաստանում ստեղծվել է աշխարհում առաջին հիվանդանոցը, որը մասնագիտացվել է կոմերցիոն սուրոգատ մայրության ուղղությամբ: Այս պահին այնտեղ գտնվում են մոտ 100 հղի կանայք, ովքեր տարբեր ամուսնական զույգերի համար երեխաներ են լույս աշխարհ բերում, այդ թվում նաեւ օտարերկրացիների համար:

Հիվանդանոցը գտնվում է Գուջարաթ նահանգի փոքր Անանդ քաղաքում: Վերջին 10 տարում այստեղ սուրոգատ մայրերի կողմից շուրջ 600 երեխա է լույս աշխարհ եկել, հաղորդում է BBC-ին:

Հնդկաստանի օրենքները չեն արգելում նման «բիզնեսը», որը գրավում է երեխա չունեցող զույգերին ողջ աշխարհից: Դրա արդյունքում ստացված եկամուտը Հնդկաստանում կազմում է տարեկան ավելի քան մեկ մլրդ դոլար:

Հիվանդանոցը հիմնել է բժիշկ Նայանի Պատելը, հաղորդում է NEWSru.com-ն: Նրան մեղադրում են անապահով կանանց շահագործման մեջ, ովքեր փողի համար են դիմում նման քայլի: Քննադատները հաճախ Պատելի հիվանդանոցը անվանում են «երեխաների արտադրության գործարան» կամ «մանկական ֆաբրիկա»:

Մեկ երեխա լույս աշխարհ բերելու համար կանայք 8000 դոլար են ստանում, ինչը բավական մեծ գումար է Հնդկաստանի համար: Այդ գումարով կարիքավոր կինը կարող է տուն կառուցել եւ սեփական երեխաներին լավ դպրոցում ուսման տալ: Ոմանք մեկ անգամ չէ, որ «ֆաբրիկա» են վերադառնում: