Քաղաքագետ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում համաներումը եւս կիրառվում է, սակայն մասամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արկադի Վարդանյանի փաստաբան  Գայանե Գալոյանը:

Նա նշեց, որ եթե հոդվածը փոփոխության չենթարկվի, համաներումը հոդվածի վրա տարածվելով, պատիժը կրճատվելու է 6 ամսով: Պաշտպանը միաժամանակ նշեց, որ իրենք պայքարելու են, որ հոդվածը փոփոխության ենթարկվի կամ անմեղ ճանաչվեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով ԱԱԾ մամուլի կենտրոնին, Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:

Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: