Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ներկայացրել է հոկտեմբերի 11-ին եւ 12-ին նախատեսված «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքի փողոցների տոնական ձեւավորման եւ հանդիսության հետ կապված իրազեկման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Արազ Բաղդասարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանն անելու է հնարավորը` մայրաքաղաքի հոբելյանական`2795-րդ տարեդարձը պատշաճ նշելու համար: Ըստ այդմ, տոնի իրազեկումը կիրականացվի զանգվածային լրատվության միջոցներով`հեռուստատեսային եւ ռադիոհոլովակների տեսքով: Կհեռարձակվի նաեւ «Էրեբունի -Երեւան 2795»-ի նոր տեսահոլովակը:
Մոտալուտ տոնի մասին կվկայեն նաեւ Երեւանի վարչական շրջաններում տեղադրված 52 գովազդային վահանակները, 48 ավելի փոքր չափի նոր վահանակները Կենտրոն վարչական շրջանում, 29 էլեկտրոնային էկրանները: Երեւանի ստորգետնյա եւ վերգետնյա հասարակական տրանսպորտում եւս փակցված կլինեն գովազդային նյութեր ու տեղեկատվական ցուցանակներ, իսկ փողոցների երկայնքով նկատելի կլինեն գովազդային կրկնաձիգ գրաժապավեններ: Տեղեկատվության ամբողջացմանը կծառայեն նաեւ նոր տեղադրված չվացուցակների եւ մետրոպոլիտենի կայարանների էկրանները:
Տոնի նախօրեին Մաշտոցի պողոտան կհարստանա նոր ոճի 6 կանգառասրահներով, որոնք նույնպես կկրեն տեղեկություններ տոնական հանդիսության մասին: Այդ նպատակով պատրաստվել եւ տարածվում են միջոցառման ժամերի եւ վայրերի տեղեկատվական բուկլետներ: Այս օրերին Էրեբունի-Երեւանի մթնոլորտով են համակված նաեւ սոցիալական կայքերը:
Համացանցի ռեսուրսը, ըստ Արազ Բաղդասարյանի, տեղեկատվություն փոխանցող հիմնական օղակներից մեկը կլինի: Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին իրազեկում եւ տոնական ատրիբուտների բաժանում կլինի նաեւ 20 տեղեկատվական կետերից: Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը նշել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են նաեւ փողոցների ու շենքերի տոնական ձեւավորման աշխատանքները: Կենտրոնական փողոցների էլեկտրասյուներին ամրացվում են ՀՀ, Երեւանի եւ միջոցառման լոգոտիպով 3000-ից ավելի դրոշներ: Թվով 9 կամուրջներ կհագեցվեն դրոշակաբուրգերով: Էրեբունիի եւ քաղաքի փոքր կենտրոնի մի շարք փողոցներ ձեւավորված կլինեն գիշերային տոնական լույսերով: Տոնին համահունչ բաղադրիչներ կկրեն նաեւ վերամբարձ կռունկները: Կարապի լճի հարեւանությամբ գտնվող Տերյան 42 շենքը կձեւավորվի եռաչափ նկարով: Արազ Բաղդասարյանը դիմել է Երեւանի բնակիչներին ու մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին` հորդորելով նպաստել քաղաքի տոնական ձեւավորման աշխատանքներին`հավելելով, որ իրենց բնակարանների կամ կազմակերպությունների լավագույն ձեւավորողները կարժանանան Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերի եւ խրախուսական մրցանակների:





























