Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրվան նվիրված «Թբիլիսոբա» տոնակատարությանը։ Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաեւ պաշտոնական հանդիպումների եւ ընդունելությունների։

Երեւանյան պատվիրակության ղեկավարը, Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, նախ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավային է փոխանցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Թբիլիսիի օրվա առթիվ վրացի գործընկերոջն ու թբիլիսցիներին ուղղված շնորհավորական ուղերձը: Այնուհետ, հանդիպման շրջանակում, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել են երկու քաղաքների միջեւ բազմակողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մունիցիպալ ծառայությունների մատուցման գծով փորձի փոխանակման, զբոսաշրջության, կրթամշակութային, առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման եւ այլ հարցեր։

Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է նաեւ տոնակատարության կապակցությամբ Թբիլիսի այցելած պատվիրակությունների պաշտոնական ընդունելությանը, որին ներկա է եղել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Թբիլիսի կատարած այցի շրջանակում Կամո Արեյանը եւ Սերգեյ Մակարյանը այցելել են նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդարան, ինչպես նաեւ «Հայարտուն» մշակութային կենտրոն: Պատվիրակության անդամները Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս տեր Վազգեն Միրզախանյանի ուղեկցությամբ այցելել են նաեւ Խոջիվանքի հայոց մեծերի պանթեոն, ուր հանգչում են Հովհաննես Թունանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Մուրացանը, Ջիվանին եւ այլք։