Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը եւ պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Ըստ այդմ ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: