Պաշտպանության նախարարությունը ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական աշխատանքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեր զինծառայողները թերեւս դպրոցական տարիներին իրենց ստացած գիտելիքները ներդնում են զինված ուժերի մարտունակության ամրապնդման ուղղությամբ եւ առօրյա գործունեության ընթացքում հենվելով այդ ստացած գիտելիքների վրա` ձեռք են բերում համապատասխան մարտական հմտություններ եւ նաեւ իրականացնում զինված ուժերի առջեւ դրված խնդիրները»,-ասել է նա:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ դպրոցի ու բանակի համագործակցության շրջանակներում այս տարվա ինն ամիսների ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է եւ աջակցել է 21 ծրագրերի եւ շուրջ յոթ տասնյակ առավել խոշոր միջոցառումների: Դրանք հայրենաճանաչողական արշավներ են մարտական փառքի վայրեր եւ պատմամշակութային հուշարձաններ, դրանք զորամասային այցելություններ են եւ մասնակցություն ամենատարբեր ձեւաչափերով կազմակերպվող գիտաճանաչողական ծրագրերին ու ռազմամարզական խաղերին:

Ելույթներով հանդես եկան նաեւ հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպորցների ուսուցիչներ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գործող եւ վաստակաշատ թոշակառու ուսուցիչներ, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, եւ յուրաքանչյուր մարդ հիշողության բազմաթիվ թելերով կապված է դպրոցին, յուրաքանչյուր սպա նաեւ իրեն վստահված ստորաբաժանման զինվորների ուսուցիչն է: «Մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ ձեր կրթած ու դաստիարակած աշակերտները գալով Հայկական բանակ` անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները»,-ասել է նա:

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին մատաղ սերնդին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաեւ Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգեւատրեց գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով եւ պատվոգրերով:

Հատկանշական է, որ ուսուցիչների հետ միասին տոնական միջոցառմանը ներկա նաեւ նրանց նախկին աշակերտները, որոնք այժմ ժամկետային զինծառայություն են անցնում ՀՀ զինված ուժերում: