Հայաստանի սփյուռքի նախարարությունում, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել 280 սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա կրթավճարների փոխհատուցման վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխհատուցումն իրականացվում է ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության համատեղ ջանքերով:
Ողջունելով սիրիահայ ուսանողությանը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է արել լավ սովորել եւ ձեռքբերած գիտելիքները ծառայեցնել Հայաստանում, հանուն Հայրենիքի բարգավաճման:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ սփյուռքի նախարարությանը սիրիահայության հանդեպ պետական մշտական հոգածության համար` ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը նշել է, որ ուսանողների վարձավճարների փոխհատուցումն իրենց պարտքն է, պարտականությունը, որ կատարում են սիրով:
Ողջույնի խոսքով հանդես է եկել «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ներկայացուցիչը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը` հանձին ՀՀ սփյուռքի նախարարության, ինչպես նաեւ բարեգործական կազմակերպություններին` ուսանողներ Ալեքսան Քալաջը, Հովիկ Քեշիշյանը, Հակոբ Հրեշտակյանը եւ ուրիշները խոստացել են իրենց աշխատանքով եւ նվիրումով բարձր պահել պետության հեղինակությունը:





























