Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար առնվազն պետք է տարեկան 250 հազ. տոննա պղնձի խտանյութի արտադրություն՝ ներկայիս մոտ 130 հազ. տոննայի փոխարեն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում հանքարդյունաբերական խնդիրներին նվիրված լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Տարեկան 250 հազ. տոննա խտանյութ կարելի է ստանալ տարեկան 35 մլն տոննա հանքաքարի արդյունահանման դեպքում, ինչը հնարավոր է մոտ 5 տարի հետո:

Սակայն, ըստ Ա. Մովսիսյանի, պղնձաձուլարանի կառուցումը համալիր խնդիրների լուծում է պահանջում: Պղնձի հետ սուլֆիդ է արդյունահանվում, որից մոտ 30% ծծումբ է առաջանում: «Ծծումբի օգտագործման տեղը պետք է գտնել, սակայն տրանսպորտային ենթակառուցվածքները թույլ չեն տալիս: Պետք է կարողանալ ածանցյալ նյութերն օգտագործել, պետք է քիմիական արդյունաբերություն լինի: Մի օր հասնելու ենք այդ քանակին, բայց այդ հարցը պետք է լուծել»,- ասաց Ա. Մովսիսյանը:

Ա. Մովսիսյանի կարծիքով՝ հետագա ներդրումներն այս ոլորտում մեծապես կախված են միջազգային շուկայում մետաղների գներից, որոնք վերջին 1 տարում նվազել են: