Հայաստանը Ռուսաստանից գազ ստանում է «ՀայՌուսգազարդի» եւ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության («Գազպրոմի» ընկերությունների խմբի մեջ է մտնում) միջեւ կնքված պայմանագրի համապատասխան: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այդ պայմանագրի տեքստը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին: Նշենք, որ վերջինս ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ 6 ամիս է՝ այդ պայմանագիրը չի կարողանում ստանալ, իսկ երբ պատգամավորը հարց ուղղեց վարչապետին՝ վերջինս ասաց, որ այդպիսի պայմանագիր դեռեւս չկա: Սակայն, Ա. Մովսիսյանի կարծիքով, վարչապետը նկատի է ունեցել միջպետական պայմանագիրը գազի գնի սուբսիդավորման վերաբերյալ, որը կկնքվի շուտով: Միջպետական պայմանագրով՝ Ռուսաստանը կհրաժարվի 30% արտահանման հարկից գազի նկատմամբ, այսինքն՝ Հայաստանը գազ կստանա Ռուսաստանի ներքին գներով, գումարած տրանսպորտային ծախսերը: Սահմանին մատակարարվող գազի գինը 1000 խոր. մետրի համար կլինի 189 դոլար, թեեւ «Գազպրոմը» հայտարարել էր 270 դոլարի մասին:
Ըստ Ա. Մովսիսյանի՝ սպառողների գազի գնի փոփոխություն՝ ոչ նվազման, ու ավելացման ուղղությամբ չպետք է ակնկալեն:





























