Ներգաղթյալները պետք է հարգեն Ռուսաստանի լեզուն, մշակույթը եւ ավանդույթները, հոկտեմբերի 8-ին լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բոլոր ներգաղթյալները պետք է հստակ հասկանան, որ եթե ՌԴ են գալիս, ապա պետք է իմանան տարածաշրջանի պատմությունը, մշակույթը եւ հարգեն մեր ավանդույթները, օրենքներն ու մշակույթը», - ընդգծել է պետության ղեկավարը:
Պուտինը հավելել է, թե «գաղտնիք չէ, որ մեր շուկան կարիք ունի այն աշխատատեղերի լրացման, որոնք հնարավոր չէ լրացնել տեղի բնակչությամբ»: Այս կապակցությամբ նա կոչ է արել ուշադիր զննել աշխատանքի այդ շուկան եւ լուծել այն հարցը, թե որ աշխատատեղերում է պետք թողնել ներգաղթյալներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախագահը նաեւ նշել է, որ ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմը կնշանակի, որ Ռուսաստանն իրենից վանում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններին: «Պետք է ոչ թե վանել, այլ առաջ տանել, սակայն այդ գործընթացը պետք է ավելի քաղաքակիրթ ձեւով արվի, եւ պետք է աշխատանքն այնպես կատարել, որ այն չզայրացնի բնիկներին», - ընդգծել է Պուտինը:





























