Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքի 2698-ամյակին նվիրված միջոցառումից առաջ ԵԿՄ նախագահ, պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել պաշտոնատար հյուրերի համար, որոնց թվում էին ԱԺ-ի, կառավարության ներկայացուցիչներ, նաեւ ազատամարտիկներ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հյուրասիրությունը տեղի է ունեցել Էջմիածնի հանդիսությունների սրահում, որը միայն հատուկ դեպքերում է գործում: Մանվել Գրիգորյանն այդքանով չէր սահմանափակվել եւ Էջմիածնի քաղաքապետարանում ընդգրկված  անապահով ընտանիքներին քաղաքապետարանի ներկայացուցիչները մատաղ էին բաժանել:

Բացի այդ, ժողովուրդը հանդիսությունների սրահում հյուրասիրությունից հետո խնդրեց մնացած ուտելիքը եւս տալ իրենց:

Այս պահին հավաքված հյուրերը եւ քաղաքի բնակիչները սպասում են Հայոց գրերը քաղաք բերելու բեմականացված միջոցառմանը:

Նշենք, որ քաղաքի տոնակատարություններին մասնակցելու համար Էջմիածնում են ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Լեւոն Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի տոնին 15 կետից բաղկացած ծրագրեր են նախատեսված, իսկ քաղաքի տոնի համար հիմք են ընդունել մ.թ.ա.  685 թվականին Ռուսա Երկրորդ արքայի արձանագրությունը, որտեղ քաղաքը ներկայացված է որպես բնակավայր:

«Սակայն քաղաքն ավելի հին է` 5 հազար տարի եւ ավելին: Հոկտեմբերի 8-ին փորձել ենք ավանդույթը վերականգնել, երբ  հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցը  տառերը մեր քաղաք բերեց, ում դիմավորեցին Սահակ Պարթեւը, Վռամշապուհ արքան եւ արքայի հրամանով երեք օր քաղաքում տոնակատարություն կատարվեց որպես մեծ իրադարձություն: Արդեն 5 տարի է՝ այդ ավանդույթը պահպանում եւ շարունակում ենք»,- նշել էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Նա անդրադարձել էր նաեւ քաղաքի նախկին անուններին, որոնց թվում եղել են Արտիմեդը, Կուառլեինին, Վարդեսավանը, Վաղարշապատը, Կայանպոլիսը, Ոտաստակը եւ երկու անգամ Էջմիածինը: Քաղաքը ունի նաեւ  կարգախոսներ, որոնց թվում են. «Դարը քեզ համար ակնթարթ է, հազարամյա Էջմիածին», «Էջմիածինցի լինելը բարձր պատիվ է եւ կոչում»:

Քաղաքի տոնին ընդառաջ պատրաստվել են նաեւ կրծքանշաններ, շապիկներ եւ շարֆեր: