Վրաստանը կարող է քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում նշեց փորձագետ Ալիկ Էրոյանցը: Նրա համոզմամբ՝ Վրաստանի քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ, քանի որ մի կողմից վրացական իշխանությունները հայտարարում են, որ իրենց երկրի արտաքին քաղաքական ուղղությունը չի փոխվել, այսինքն շարունակվում են եվրատլանտյան կառույցներին ինտեգրման գործընթացները, մյուս կողմից նրանք փորձում են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մի կողմից խոսում են Ադրբեջանի մասին որպես էներգետիկ ոլորտում Ռուսաստանի այլընտրանք, մյուս կողմից շոշափում են Աբխազական երկաթուղու բացման թեման:
«Այդ դիրքորոշումները հակասում են միմյանց: Վերջերս Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ այն հարցերն ու գործընթացները, որոնք չեն հակասի Վրաստանի շահերին, կարող են քննարկվել: Այսինքն նրանք կարող են քննարկել նաեւ Մաքսային միությանը միանալու հարցը»,-տեսակետ հայտնեց Ալիկ Էրոյանցը՝ միաժամանակ նշելով, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության դեպքում այդ երկրի համար վատ ժամանակներ կսկսվեն, թեեւ այդպիսի վատ ժամանակներ կսկսվեն նախագահական ընտրություններից անմիջապես հետո:
Անդրադառնալով Վրաստանում նախագահական ընտրությունների հարցում Մոսկվայի դիրքորոշմանը, փորձագետն ընդգծեց, որ վերջին ժամանակներս սկսել են բողոքել Ռուսաստանի, այսպես կոչված, «անտարբերությունից»:
«Նրանք ակնկալում էին դրական վերաբերմունք Վրաստանի հանդեպ՝ այդ ուղղությամբ Թբիլիսիի որոշակի դրական քայլերից հետ, սակայն Ռուսաստանը կարծես չի գնահատել վրացական կողմի ջանքերը: Ռուսաստանն այս փուլում փորձում է մեղմորեն «պատժել» Վրաստանին՝ կապված Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանի հետ»,-ամփոփեց Էրոյանցը:





























