Հայաստանում եւ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունները շարունակում են գաղտնի երկխոսությունը երկու երկրների իշխանություններին հետ՝ կապված սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ խոսքը հոկտեմբերի 6-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին է:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ականի վրա պայթել են Ադրբեջանի երեք քաղաքացիներ: Նրանցից մեկը՝ 35 –ամյա Վեզիր Վելիեւը, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկրորդը՝ 30-ամյա Հագանի Մագերամովը, կատարվածի վերաբերյալ ցուցմունք  է տալիս:

Ինչ վերաբերվում է 40-ամյա Ալի Ալիեւին, ապա նա անհետ կորել է: Ենթադրվում է, որ նա գտնվում է չեզոք գոտում: Երեք տուժածներն էլ Հայաստանին սահմանամերձ Մեզեմ գյուղի բնակիչներ են, որը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանում:

Ամենայն հավանականությամբ, գաղտնի երկխոսությունը վերաբերում է չեզոք գոտում գտնվող մարմնին: