Մի քանի մրգի վաճառակետեր բացելով՝ «Ծածկած շուկան» չի կարելի բացված համարել։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողներին ասաց Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը՝ շուկայի բացումն անվանելով «բլեֆ»։
Անդրադարռնալով համացանցում հուշարձանի քանդման դեմ պայքարող ակտիվիստների հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինչու ոչինչ չեն ձեռնարկել հոկտեմբերի 7-ին, երբ շուկան վերակառուցվելուց հետո առաջին անգամ բացեց դռները, Վարդան Հակոբյանն ասաց. «Ակտիվիստը մասնագիտություն չէ։ Ակտիվիստները երկրի խնդիրներով մտահոգ քաղաքացիներն են։ Դա չի նշանակում, որ պետք է գնանք քնենք շուկայի պատերի տակ, որ հասկանանք, թե երբ է բացվում շուկան ու միանգամից արձագանքենք»։ Նա հիշեցրեց, որ նույն օրը իրենք կլոր սեղան քննարկում էին կազմակերպել շուկայի խնդրով։
Ակտիվիստի խոսքով՝ «Ծածկած շուկայի» դեպքը կրկնակի ցավ է։ «Նախ՝ վերացվեց հուշարձան, երկրորդ՝ վերացվեց պետականություն»,- ասաց Վարդան Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ հուշարձանը հետագայում անպայման կվերականգնվի։
Նախախորհրդարանի անդամ Լարիսա Ալավերդյանը հակադարձեց գործընկերոջը՝ նշելով, որ ինքը «երբեւիցե պետականության վերջ չի անվանի ցանկացած խաժամուժի կամ ազդեցիկ անձի գործողությունները»։
«Ավելի հանդուրժող դիրքերից հանդես գալը չի նշանակում, որ լինի դա Սամվել Ալեքսանյանը, թե Սուրեն Խաչատրյանը, իրենք հաղթող են։ Որովհետեւ իրենք, որպես այս պետության բնակիչ, ի վերջո հարված են հասցնում նաեւ իրենց արժանապատվությանը, այն մասով, որն ազգային արժանապատվություն է կոչվում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ «ո՞ւր էին ակտիվիստները» հարցը տվողներին խորհուրդ տալով հարցն այլ կերպ ձեւակերպել. « ո՞ւր էի ես»։
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ պետք է խոսել ոչ թե պետականության, այլ իշխանության ոչնչացման մասին։ «Սա խարակիրի է իշխանության համար, փաստորեն իրենք իրենց ոչնչացման ճանապարհ են բռնել»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























