Լիբանանի Ազգային Երեսփոխանական Ժողովը հոկտեմբերի 7-ին Սուրբ Նշան Մայր Եկեղեցում ընտրել է Լիբանանի Հայոց թեմի նոր առաջնորդին:
Երեք թեկնածուներից՝ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյան, Շահե եպիսկոպոս Փանոսյան եւ Մասիս վարդապետ Զոբույան, փակ քվեարկությամբ ընտրվել է Շահե եպիսկոպոս Փանոսյանը, ով ստացել է քվեների երկու երրորդից ավելին:
Թեմի նոր առաջնորդը ծնվել է 1958թ., Սիրիայի Քեսաբ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց Միացյալ վարժարանում:
1971թ. ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանք, 1976թ. ձեռնադրվել է սարկավագ: 1980 թվականից աբեղա է, իսկ 2008-ին ձեռնադրվել է եպիսկոպոս:
Ծառայել է Հունաստանի, ԱՄՆ Արեւելյան թեմի, Չիկագոյի, Կանադայի եկեղեցիներում:
2011թ.-ից Քուվեյթի եւ Պարսից ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդն էր:





























