Չելյաբինսկում դատական հարկադիր կատարողները ստիպված են եղել բռնությամբ նոր զուգարանկոնք տեղադրել բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում: Այդ տան բնակչուհու հարեւանները բողոքել են, որ կինը պարբերաբար իրենց գլխին կեղտոտ ջուր է լցնում: Դրա համար կառավարող ընկերության աշխատակիցները, հարկադիր կատարողների եւ ընթերակաների ներկայությամբ, ստիպված են եղել կոտրել բնակարանի դուռը:
Կատարելով դատարանի որոշումը, հարկադիր կատարողները բախվել են տանտիրուհու դիմադրությանը, որը թույլ չի տվել նրանց տուն մտնել: Կինը հայտարարել է, որ իր զուգարանում ամեն բան կարգին է եւ որեւէ վերանորոգման կարիք ինքը չունի:
Սակայն ներքեւի հարկերի հարեւանները պնդել են, որ այդ կնոջ զուգարանակոնքի անսարքության հետեւանքով, խողովակներից հոսող ջուրը լցվում է իրենց բնակարաններ: Հարեւանները չեն կարողացել այս խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով եւ դիմել են դատարան, որի որոշմամբ կատարվել է վերանորոգումը:
Համոզվելով, որ տանտիրուհին տանը չէ (նա ոչ ոքի թույլ չէր տալիս տուն մտնել), հարկադիր կատարողների եւ ընթերակաների ներկայությամբ դուռը կոտրել են, ներսի բոլոր դռները կնքել եւ փոխել զուգարանկոնքը, հաղորդում է Vesti.ru-ն:
Մինչ տանտիրուհու հայտնվելը, աշխատանքներն ավարտված են եղել եւ փոխված է եղել նաեւ դրսի դռան կողպեքը, որի բանալիները հանձնել են տանտիրուհուն:





























