Սկսնակ հետազոտողի, ապագա գիտնականի որոնումները սկսվում են հենց ուսանողական նստարանից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մեկնարկած «Արդի տեղեկատվական տեխնոլոգիաներ» խորագրով երիտասարդական միջբուհական գիտաժողովի ժամանակ հայտարարել է ՀՊՃՀ գիտության եւ գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը:

Նշենք, որ միջբուհական գիտաժողովը նվիրված է ՀՊՃՀ 80-ամյա հոբելյանին, որին մասնակցել են Ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ասպիրանտներն ու երիտասարդ գիտնականները:

«Ցանկանում եմ ձեզանից յուրաքանչյուրի մեջ տեսնել սեփական կարծիքը պաշտպանելու, գիտական վարկածներից չվախենալու կարողություն: Եկեք ժամանակավորապես մոռանանք, որ զեկուցողները մեր ընկերներն են, եւ փորձենք զեկուցումներում գտնել այնպիսի հատիկ, որը կարող է նոր գաղափարների մղել ոչ միայն ուսանողներին, այլեւ գիտնականներին: Այսօր Պոլիտեխնիկն այնպիսի երիտասարդների բուհ է, որտեղ առաջ է մղվում ստեղծագործությունը, հետազոտությունը եւ նորարարությունը: Ինքս այս գիտաժողովի միջոցով կփորձեմ տեսնել Պոլիտեխնիկի ապագան, որը փորձում է ըստ արժանվույն նշել իր 80-ամյա հոբելյանը»,-ասել է պրոռեկտորը:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են` տեղեկատվական տեխնոլոգիաները, տեղեկատվական անվտանգությունը, հեռահաղորդակցությունն ու կապը, ռադիոտեխնիկան, ռոբոտատեխնիկան, ավտոմատացումն ու կառավարումը, էլեկտրոնիկան, միկրո- եւ նանոէլեկտրոնիկան:

Ինչպես նշել է գիտաժողողովի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Ղազարյանը, նման գիտաժողովներն ասպիրանտներին եւ երիտասարդ գիտնականներին հնարավորություն են տալիս ներկայացնել իրենց գիտական աշխատանքները, կարծիքներ փոխանակելով` նպաստել միջբուհական համագործակցությանը եւ, որ ամենակարեւորն է, միտված են երիտասարդների նորարարական մտահղացումները խթանելուն եւ նոր գաղափարների մղելուն:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՊՃՀ-ն եւ Գիտության պետական կոմիտեն: