Տեղեկությունը, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ չի տալիս քաղաքում սեքս-շոփ բացել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ին ասել է Տարոն Մարգարյանը:
Այս խնդրի առնչությամբ, Տարոն Մարգարյանի մեկնաբանության մեջ ասվում է. «Շրջանառվող տվյալ լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ բացարձակ ապատեղեկատվություն է: Ավելին, Երեւանի քաղաքապետարանի կողմից նման հարցի քննարկում ՀՀ օրենսդրությամբ էլ նախատեսված չէ: Ուստի նման բացարձակ ստեր հորինողներին խորհուրդ կտամ առնվազն գոնե տեղեկանալ, թե որ կառույցն ինչ գործառույթներ կարող է իրականացնել, հետո նոր միայն փորձել զոռ տալ երեւակայությանը»:
Նշենք, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը դիմել է պատկան մարմիններին՝ Երեւանում սեքս-շոփ բացելու թույլտվություն ստանալու համար, սակայն այս առթիվ շատ կտրուկ է արտահայտվել Երեւանի քաղաքապետն` ասելով որ չի հանդուրժի նման բան մեր մայրաքաղաքում ու հրաժարվելով նույնիսկ ընդունել Անժելա Սարգսյանին: Նշվում էր նաեւ, թե դերասանուհին հակադարձել է քաղաքապետի կոշտ արձագանքին` սպառնալով հանդիպել դատարանում ու ասելով, որ «մեր հասարակությունը հաստատ նման մասնագիտացված խանութի կարիք ունի»:





























