Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պետական բարձրագույն  պարգեւ՝ Սուրբ Գեորգիի անվան հաղթանակի շքանշան է հանձնել ՌԴ նախագահի տնտեսական հարցերով  նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովին:

Պետության ղեկավարն Իլարիոնովին անվանել է «Ռուսաստանի մեծ հայրենասեր» եւ ընդգծել նրա մեծ ավանդը 2008թ. ռուս-վրացական պատերազմի հիմքերի ուսումնասիրման գործում (իր ուսումնասիրության մեջ  Պուտինի նախկին խորհրդականը օգոստոսյան հակամարտությունն անվանել էր «ռուսական հատուկ ծառայությունների փայլուն սադրանք»):

Իլարիոնովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին եւ մատնանշել նրա օրոք ձեռքբերված հաջողությունները:

 «Դժվար էր պատկերացնել, թե ինչպես էր հնարավոր այդքան բան անել սահմանափակ ռեսուրսներով այսպիսի մի երկրում: Միգուցե դուք խորությամբ չեք ըմբռնում, թե որքան ուժեղ եւ օրինակելի եք դարձել հետխորհրդային տարածքում», - նրա խոսքերն է մեջբերում «Նովոստի Գռուզիան»:

Իլարիոնովը Պուտինի խորհրդականն է եղել 2000թ ապրիլից մինչեւ 2005թ. դեկտեմբերի   27-ը: 2005-ի սեպտեմբերի վերջին Իլարիոնովը խիստ քննադատության էր ենթարկել ռուսաստանյան իշխանությունների տնտեսական քաղաքականությունը եւ մի քանի ամիս անց հրաժարական տվել:

Այժմ նա աշխատում է Կատոնի ինստիտուտի գլոբալ ազատության եւ բարգավաճման կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող: