Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի հրավերով այսօր՝ հոկտեմբերի 10-ին, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Հանդիպման նպատակը Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն  Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում  մրցակցային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խուրհրդի գործունեության շրջանակներում կանդրադառնան նաեւ ապրանքների զուգահեռ ներմուծման իրավական կարգավորման, ինչպես նաեւ դեղերի ոլորտում մրցակցային հարցերին առնչվող մի շարք խնդիրների:

Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը հանդիսանում է  ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ, իսկ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար` Իգոր Արտեմեւը  Խորհրդի նախագահն է: