Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները:

ԼՂՀ ՊՆ-ի մամուլի ծառայության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը NEWS.am-ին հայտնել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ հերթական ապատեղեկատվությունն է: «Ղարաբաղի զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը»,-ասել է Հասրաթյանը:

Նշենք, որ ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ, իբր, վիրավորվել է 20-ամյա զինվոր Թարլան Ջըրըեւը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է APA-ի տեղեկությունը: Ջըրըեւը ծառայության էր զորակոչվել Իմիշլիի շրջանից: