Ալեք Մանուկյանի փողոցում, հոկտեմբերի 9-ի կեսգիշերին, «Նախախորհրդարանի» գրասենյակի մոտ, Ժիրայր Սեֆիլյանն իր մեքենայով տուն ուղեւորվելիս,  ենթարկվել է հետապնդման եւ մոտ կես ժամ է պահանջվել հետքը կորցնելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ հետապնդող մեքենան արծաթագույն BMW է եղել: «Մեզ հաջողվեց ֆիքսել համարանիշի առաջին մասը` 24 MU: Երբ մոտեցանք տանը, նկատեցինք, որ ավտոտնակների մոտ երկու հոգի կանգնած են: Մեքենայով տարբեր տեղեր մտնելով լրիվ համոզվեցինք, որ հետապնդում էր: Հերթական անգամ հետքը կորցնելուց նոր գնացինք տուն»,- պատմեց Վարուժան Ավետիսյանը, ով Ժիրայր Սեֆիլյանի հետ է եղել:

Նա նաեւ նշեց, որ երեկ «Փակ շուկայի» մոտ Ռուբո անունով մեկը մոտեցել է Ժիրայր Սեֆիլյանին եւ առաջարկել առանձնազրույց ունենալ, սակայն մերժում է ստացել եւ հեռացել: Այդ տղամարդն իջել է Սամվել Ալեքսանյանի մեքենայից: «Նախախորհրդարանի անունից ասում ենք, որ շարունակելու ենք մեր գործը: Ժողովուրդը լինելու է իր երկրի տերը եւ իր կամքն է թեադրելու: Այդպիսի էժան եւ հնացած մթոդները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ»,-ասաց «Նախախորհրդարանի» անդամը: