«Նախախորհրդարանն» իր առջեւ նպատակ է դրել մինչեւ այս կառավարության փլուզումը ներկայացնել նոր որակի հայկական պետության ձեւավորման ու զարգացման  ռազմավարական  հայեցակարգի նախագիծը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը:

Նրա խոսքով՝ իրենք որոշել են հանրային քննարկումները սկսել միջազգային հարաբերությունների բաժնից: «Ներկայացնելու ենք մեր ռազմավարական պատկերացումները: Հայաստանը պետք է կողմնորոշվի եւ իր քաղաքականությունը հստակեցնի: Երբ անկայունությունն աճում է համակարգերի մեջ, մի փոքրիկ թիթեռ իր շարժումով կարող է որոշել ընթացքը: Այս օրինակը միայն ֆիզիկայում չի գործում: Հայաստանի առանձնահատկությունը էնթիկ եւ կրոնական միատարությունն է, որը կարող է կամրջել շատ հակասական շահեր: Տարածաշրջանում նորարարությունների ֆոնին Հայաստանի ավանդական ֆոնը մեծանում է, սակայն մինչեւ այդ մեր ներսում` պետական կազմավորման առումով պետք է փոփոխություներ տեղի ունենան»,- նշեց Գարեգին Չուքասզյանը:

«Նախախորհրդարանի» անդամները նաեւ նշեցին, որ ռազմավարական հայեցակարգի նախագիծը բաղկացած է ընդհանուր դրույթներից: Դրանք են` սոցիալ-մշակութային, սոցիալ-տնտեսական, գիտություն եւ կրթություն, բնապահպանություն, տեղեկութային, պաշտպանական, իրավական եւ դատաիրավական, համազգային հարցեր եւ միջազգային հարաբերություններ  ոլորտային բաժինները: