ՀՊՃՀ-ում տիրում է վախի մթնոլորտ, բոլոր աշխատողները՝ սկսած պրոռեկտորից, վախենում են, ստալինյան ռեժիմ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՊՃՀ Հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը:
Նա նշեց, որ թեեւ Պոլիտեխնիկի մուտքերը մեծացել են՝ ի հաշիվ վարձավճարների բարձրացման, տարածքների վարձակալման, բայց ելքերը քչացել են, դասախոսների աշխատավարձը նվազել են 25-30 տոկոսով, նրանք պահանջում են, որ բուհի ֆինանսական կյանքը լինի թափանցիկ։
Էդուարդ Մանուկյանի փոխանցմամբ՝ Արա Ավետիսյանը պարբերաբար կրճատումներ է կազմակերպում, պաշտոնավարման երկու տարիների ընթացքում 150 հոգի կրճատվել է, ամբողջ անձնակազմը փոխվել է, իր մարդկանց է բերել, նրանց համբերության բաժակը լցվել է։ «Վախենում եմ ինձ էլ հանի, 50 տարի այստեղ եմ եղել, դուրս գամ, կմեռնեմ, նման դեպքեր եղել են»,-ասաց Էդուարդ Մանուկյանը։
Ռեկտորի դեմ մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է մոտ 200 մարդ։ Նախատեսված է եղել այդ փաստաթուղթը ներկայացնել վարչապետին, նախագահին, եթե աշխատավարձերը չբարձրացնեն, պատրաստ են անգամ գործադուլի եւ դասադուլի։ Էդուարդ Մանուկյանն ասաց, որ ռեկտորը տեղյակ է իրենց դժգոհություններից, նա անձամբ ռեկտորին ասել է, որ դու ինժեներ չես, սա քո տեղը չէ։ Ստեղծված վախի մթնոլորտում նրանք վախենում են մենակ մնալուց, բայց չեն վհատվում. «Հայրիկյանն էլ 15 տարի նստեց, բայց վերջում հաղթեց»։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՊՃՀ-ի Ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Ազատ Միրզոյանն էլ ասաց, որ այսօր նույն ժամին, նույն լսարանում նշանակվել է թե ռեկտորատի, թե արհմիության նիստ։
Ազատ Միրզոյանի խոսքով՝ բավականան աշխույժ գործունեություն է ծավալել Արա Ավետիսյանը, բոլոր դռնապահները փոխվել են անվտանգության աշխատակիցներով, առաջացել են նոր ծառայություններ, պատերը ներկել են, ինովացիոն կենտրոն է ստեղծվել, իրենք հույս ունեին, որ հերթը կհասներ դասախոսի գործունեությանն էլ, բայց այժմ կատարված փոփոխությունների արդյունքում ոչ մի հաստիք չկա, բոլորը ժամավճար են, դասախոսներն աշխատում են նույն քանակությամբ, սակայն նրանք շատ ավելի քիչ են ստանում։
Նրանք պահանջում են նախկին աշխատավարձերի, դասաժամերի հաշվման եղանակի վերականգնում։ Նա հույս ունի, որ ռեկտորը կգտնի երկխոսության ուղիներ, այլապես սա կբերի Պոլիտեխնիկի փլուզման։





























