Ոստիկանության Մալաթիայի բաժնում  նյութեր են ստացվել, որ 25-ամյա Մհեր Մ.-ն 2012 թ. դեկտեմբերի 24-ին Սովետաշենի ավտոշուկայում ծանոթացել է 54-ամյա Գագիկ Մ.-ի հետ, որն առաջարկել է գնել իր տիրապետման տակ գտնվող, սակայն 33-ամյա Տիգրան Պ.-ի անվամբ հաշվառված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը Գագիկ Մ.-ն եւ Տիգրան Պ.-ն, խաբեությամբ, գույք հափշտակելու դիտավորությամբ, պայմանավորվածություն են ձեռք բերել Մհեր Մ.-ի հետ՝ նշված ավտոմեքենան 4.500  դոլարով վաճառելու վերաբերյալ, եւ այն տրամադրել են նրան` կանխիկ ստանալով 1.000.000 դրամ:

Հաջորդ օրը Մհեր Մ.-ից ստացել են եւս 360.000 դրամ եւ պայմանավորվել ավտոմեքենան  հաշվառումից հանելուց հետո վերահաշվարկ կատարել:

Ս/թ. մարտի 18-ին Գագիկ Մ.-ն եւ Տիգրան Պ.-ն նշված  ավտոմեքենան հաշվառումից հանելու մասին կեղծ փաստաթուղթ են տրամադրել Մհեր Մ.-ին, իսկ վերջինս մարտի 20-ին նրանց է ուղարկել ընդհանուր գումարի մնացած մասը՝ 500.000 դրամ:

Գագիկ Մ.-ն եւ Տիգրան Պ.-ն խաբեությամբ Մհեր Մ.-ից հափշտակել են խոշոր չափերի հասնող 1.860.000 դրամ:

Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին ՀՀ քրեական  օրենսգրքի  178 հոդ 2-րդ մասով հարուցվել է  քրեական  գործ:

Կատարվում է նախաքննություն: