Հայ-թուրքական արձանագրությունները՝ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին», ապագա չունեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Հայ-թուրքական արձանագրությունների անհեռանկար լինելը պայմանավորված է պաշտոնական Անկարայի դիրքորոշմամբ, եւ այդ մասին են նաեւ վկայում Թուրքիայի բարձրաստիճան անձանց հայտարարությունները:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններից դատելով՝ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն չունի», - ընդգծել է Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան նաեւ չի պատրաստվում հրաժարվել 1991թ.-ից ի վեր տարվող քաղաքականությունից, որի նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսիք են 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ ղարաբաղյան հիմնախնդիրը:
Հիշեցնենք, 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրել էին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները:
Սակայն 2009թ. դեկտեմբերի 7-ին Թուրքիան հայ-թուրքական գործընթացը կապեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ՝ առաջադրելով մի շարք նախապայմաններ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Անկարան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման:
2010թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առկախել էր վավերացման գործընթացը, քանի որ Թուրքիան, խախտելով պայմանավորվածությունը, նախապայմաններ էր առաջադրել:





























