Նախաքննության եւ դատաքննության փուլում գտնվողները կարող են հրաժարվել համաներումից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այդ դեպքում նրանց դատը կշարունակվի մինչեւ տրամաբանական ավարտը: Մասնավորապես՝ դատաքննության փուլում են Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Բուդաղյանի գործերը:
Նախարարի պարզաբանմամբ՝ նրանք, ովքեր ունեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, համաներումից չեն կարող հրաժարվել:
Ավելի վաղ ԱՆ Քրեակատարողական վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ համաներումը ցանկությունով չէ, դա պարտադիր է բոլորի համար՝ անկախ մարդու ցանկությունից:
Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ նշել էր, որ համաներումից հրաժարվելու մասին Տիգրան Առաքելյանի հայտարարությունը որեւէ իրավական հետեւանք չի կարող առաջացնել: «Համաներումը կիրառելի է Տիգրան Առաքելյանի դեպքում, եւ նա ազատ կարձակվի՝ անկախ իր ցանկությունից, կամքից»,-ասել էր նա:





























