Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու՝ «Ռենջ Ռովերով» վթարի ենթարկվելու դեպքի առթիվ 5 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Mercedes-ի ուղեւորներ՝ 35-ամյա Սուսաննա Չոբանյանը, 5-ամյա Մերի Գալարյանը, ГАЗ 3110-ի վարորդ Ռուբեն Թադևոսյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 54-ամյա Աստղիկ Համբարձումյանը եւ Lexus-ի վարորդ Գեւորգ Կլեկչյանը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում:
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, չի հոսպիտալացվել, համենայն դեպս, նա ոչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում էր, ոչ էլ պատգամավորին պատկանող «Մալաթիա» բ/կ-ում:
Հիշեցնենք, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում, հոկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, իրար են բախվել «Ռենջ Ռովեր», «Լեքսուս», «ԳԱԶ-31105» եւ «Մերսեդես-Բենց ML E320» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «Լեքսուս»-ի վարորդը, «Մերսեդես-Բենց ML E320»-ի 2 ուղեւորուհիները, «ԳԱԶ-31105»-ի վարորդը եւ ուղեւորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Ռենջ Ռովերի» վարորդը՝ 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ Սամո») քրոջ որդին է:





























