Ես ապրում եմ երկրից դուրս, տարեկան ամենաքիչը 40 երկրում եմ լինում, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել Հայաստանի իշխանությունների հասցեին մի վատ բան ասեմ այլ երկրներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցին, որը լուրջ քննարկումների առիթ էր դարձել Հայաստանում:
Նա նշեց, որ տարվա ընթացքում 4-5 անգամ այցելում է Հայաստան եւ հարցերը հայրենիքում է բարձրացնում, ոչ թե նրա սահմաններից դուրս: «Մենք իրավունք չունենք մեր երկրի պատիվը գցենք դրսում: Պետք է այստեղ ասենք մեր խնդիրները: Ես դեմ եմ: Դրանով իրենք իրենց են վնասում եւ ամբողջ ազգին: Ինձ չի թվում, որ կա աշխարհում մի հայ մարդ, որը կգնահատի դա դրական եւ կասի՝ դա ճիշտ ա: Եթե դա լիներ մեր անվտանգության խնդիրները, այնպիսի հարց լիներ… Նիուժելի մենք ասելիքներ չունեինք… Մարդ էդքան սահմանափակ չպիտի լինի»:





























