Երեւանում, հոկտեմբերի 9-ին, Հայաստանի սփյուռքի նախարարության եւ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ կայացել է հալեպահայ, ամերիկաբնակ գրող, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի «Մեսրոպ Մաշտոց Մեծասքանչը» գրքի շնորհանդեսը:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ 680 էջից բաղկացած գիրքը նվիրված է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին, որտեղ հավաքվել եւ ի մի են բերվել հայոց լեզվին նվիրված բազմաթիվ բանաստեղծությունները, ասույթները եւ արդեն թեւավոր դարձած խոսքերը:

Կարեւորելով մայրենիին նվիրված մեծածավալ աշխատության դերը հատկապես նոր սերնդի դաստիարակության գործում` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Այստեղ երկու կարեւոր  գործոն կա, առաջին, որ եւս մեկ անգամ եւ նորովի մեծարվում եւ արժեւորվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գործը, երկրորդ` Հովսեփ Նալբանդյանն այս հսկայածավալ գործն արել է Սփյուռքում` այսպիսով համայնքում վառ պահելով հայ ոգին»:

Հայապահպանության ոլորտում ունեցած մեծ ներդրումի, մայրենի լեզվի պահպանման ու զարգացման գործում նվիրաբերած ջանքերի, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթությանն ու դաստիարակության գործում ունեցած ավանդի, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք գիտակրթական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Հովսեփ Նալբանդյանին պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

Շնորհանդեսի ավարտին շնորհակալական խոսքով հանդես է եկել հեղինակը` Հովսեփ Նալբանդյանը. «Շնորհակալ եմ իմ հարազատ ՀՀ սփյուռքի նախարարությանը եւ Գրողների միությանը, որ մշտապես ուշադիր են իմ գործունեության հանդեպ: Մաշտոցին անդրադառնալը յուրաքանչյուր հայի պարտքն է, իսկ այս աշխատանքով ես փորձել եմ Մաշտոցի մասին ասված խոսքերն ամբողջացնել ու մատուցել եւ՛ Հայրենիքիս, եւ՛ Սփյուռքի ողջ հայությանը»: