ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների եւ բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջեւ անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի եւ Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։

Այս տարի այս մրցանակներն ստացել են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Նովլետ Զարդարյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Գրիգոր Կորկոտյանը, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ Վահագն Գրիգորյանը եւ Գեւորգ Հարությունյանը: Կրթաթոշակներն ուսանողներին հանձնել են Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Մի շարք ուսանողների տրվել են նաեւ խրախուսական մրցանակներ:

Առաջին՝ Գարեգին Նժդեհի անվան մրցանակը հանձնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ թե՜ Գարեգին Նժդեհը, թե՜ Անդրանիկ Մարգարյանը, թե՜ Վազգեն Սարգսյանը, թե՜ Աշոտ Նավասարդյանը Հայաստանի հանրապետական կուսակցության սեփականությունը չեն, նրանք վեր են նեղ անձական, խմբակային սահմաններից եւ պատկանում են ողջ ժողովրդին։

Անդրանիկ Մարգարյանի անվան մրցանակը հանձնել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս նշել է, որ միջոցառմանը մասնակցում է ոչ որպես քաղաքապետ, այլ որպես Անդրանիկ Մարգարյանի որդի:

Աշոտ Նավասարդյանի անվան մրցանակը հանձնելով՝ վերջինիս այրին՝ Հասմիկ Նավասարդյանը, իր շնորհավորական խոսքում կոչ է արել երիտասարդներին պահպանել մեր այդքան դժվարությամբ ձեռք բերած անկախությունը:

Նշենք, որ կրթաթոշակառուները մեկ ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25000-ական դրամ կրթաթոշակ: