ՀՅԴ Բյուրոն կոչ է արել հայությանը մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին, օժանդակել հեռուստամարաթոնի  կազմակերպմանն ու քարոզչությանը:

ՀՅԴ բյուրոյի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի նոյեմբերի 28-ին Հայաստան Համահայկական Հիմնադրամը իրականացնելու է իր տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը:

Այս անգամ եւս դրամահավաքի հասցեատերն Արցախն է. կառուցվելու է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհը:

Անցյալ տարի հայության համախումբ ջանքերով կարեւոր քայլ կատարվեց հերոսական արցախահայության կեցության պայմանները բարելավելու ուղղությամբ, այսօր սկսվում է ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար խիստ անհրաժեշտ ծրագրի օժանդակությունը: Այս ճանապարհի կառուցումն ամենամեծ երաշխիքն է հանդիսանալու մեր հայրենիքի արեւելյան ազատագրված տարածքների անքակտելի միասնության ապահովման համար: Մեր զավակները իրենց արյամբ ազատագրեցին հայրենիքի այս հատվածը. մենք այդ ճանապարհը կառուցելով պետք է վերջնականորեն ամրագրենք ազատագրումը:

Հերթական առիթն է համայն հայության համար, ցուցադրելու  միասնականությունն ու համախմբումը մեր ազգային նպատակները քայլ առ քայլ իրականացնելու երկար ճանապարհին:

Առ այդ, կոչ ենք ուղղում բոլոր ազնիվ հայորդիներին` առատաձեռն կերպով մասնակցելու համահայկական  այս դրամահավաքին, օժանդակելու հեռուստամարաթոնի  կազմակերպմանն ու քարոզչությանը:

Արցախի միջազգային ճանաչման գործընթացը իր հաղթական ավարտին կարող է մոտենալ նաեւ նման համախումբ ուժի գործնական ցուցադրության  ճանապարհով:

 Հաջողության եւ հաղթանակի վստահությամբ»: