Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի փոփոխություն չի լինի, այն չի կարող հանկարծ միանգամից կարգավորվել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյաը՝ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որշմանը եւ ԵԱՀԿ ամերիկյան նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի նշանակմանը:

Նրա համոզմամբ, անգամ փորձառու դիվանագետի նշանակումը չի կարող կտրուկ փոխել հակամարտության կարգավորման ձեւաչափը: «Պատերազմը եւս հնարավոր չէ բազմաթիվ պատճառներով, որոնք եղել են եւ չեն անհետացել: Իսկ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, հնարավոր է, ավելի շատ կապված է ՀԱՊԿ-ի հետ, քան ՄՄ-ի:Եվ դա, իհարկե, հասկանում են Ադրբեջանում»,-ընդգծել է Իսկանդարյանը: «Ստատուս-քվոն կպահպանվի, ցավոք, կլինեն նաեւ երբեմն-երբեմն տեղի ունեցող փոխհրաձգություններ»,-կարծիք է հայտնել նա:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթին՝ նա ընդգծել է, որ այն չի կարելի նախորդ տարիների քննարկումներից առանձին դիտարկել: «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը իրենց հայտարարություններում կոշտություն եւ վստահություն են դրսեւորում ոչ առաջին անգամ: Այս առումով նախագահը նախկինում եղած դիսկուրսի շրջանակներից դուրս չի եկել»,-եզրափակել է Իսկանդարյանը: