NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Իվան Նեչեպուրենկոյի՝ «The Moscow Times»-ում հրապարակված հոդվածը:
«Իլհամ Ալիեւը չորեքշաբթի գնում էր մասնակցելու նախկին խորհրդային հանրապետության՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին, ինչը որոշ վերլուծաբանների կարծիքով լավագույնս ցույց է տալիս, որ նավթային եկամուտները կարող են երկրի առաջնորդին ապրապնդել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակում:
10 տարիների ընթացքում, երբ Ալիեւը կառավարում է երկրում՝ 2003թ.-ին փոխարինելով հորը, Ադրբեջանի տնտեսությունը աճել է մոտ 10 անգամ: 2005 թ.-ին Բաքու- Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործումից հետո, որով ադրբեջանական նավթը ներկրվում է անմիջապես Արեւմուտք, Ադրբեջանն աշխարհում ամենաարագ աճող տնտեսություն ունեցող երկիրն էր 2005-2007 թվականանների ընթացքում:
Հենց այդ համատեքստում Ալիեւը կարողացավ ապահովել երկրում իր ընտանիքի իշխանությունն ու խուսափել Ռուսաստանի ու Եվրոպայի միջեւ դաժան ընտրությունից: Թվում է, Ալիեւի հաղթանակն ընտրություններում ինքնին համարվում էր տրամաբանական դեռ ընտրություններից առաջ: EurasiaNet.org-ի համաձայն՝ Բաքվում ծաղկի խանութն արդեն կանխավճար է ստացել Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը զարդարելու համար՝ Իլհամ Ալիեւի երդման արարողության ժամանակ:
Այսօր Ալիեւը, ով ներկայացնում է ամբողջ աշխարհում իր շահերը տարածած մեծ ընտանիքը, կարող է ընթանալ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ: Այս իրավիճակը ստիպեց ոմանց նրան անվանել Մայքլ Կոռլեոնե, ինչպես նրան կոչեցին ԱՄՆ-ի դեսպանատանը: Վերլուծաբաններից մեկը նշել է, որ Ադրբեջանը նպաստավոր դիրքում է, ինչը նրան ազատում է արտաքին ճնշումից, եւ Ալիեւը պարզ գիտակցում է դա:
Կրեմլը փորձում է նախկին խորհրդային պետություններին ներքաշել Մաքսային միության մեջ, սակայն Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանն առայժմ ընդդիմանում են: Հայաստանը, որը Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում Ադրբեջանի գլխավոր թշնամին է, վերջերս հանձնվեց: Ու թեեւ Ադրբեջանը Ռուսաստանից հեռավորության վրա է գտնվում, նրանց միջեւ կապն ավելի սերտ է, քան մենք պատկերացնում ենք:
2009թ.-ին անցկացված հանրաքվեի շնորհիվ նախագահության ժամկետը դարձավ անսահմանափակ եւ Ալիեւը կարող է ցմահ կառավարել: Սակայն, հաշվի առնելով այն, որ երկիրն էլ ավելի է բարգավաճում, հավանաբար, միջին դասի մարդկանց մեծամասնությունը կպահանջի ազդել հասարակական կյանքի վրա: Բացի այդ, թեեւ Ադրբեջանն առաջին հայացքից Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ չեզոք դիրքում է, երկու կողմից նրա նկատմամբ ճնշումը գնալով կավելանա»:





























