Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է «Հայկական գորգագործության ավանդույթները» ցուցադրության բացմանը, որը նվիրված է «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարությանը։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրության նմուշներին, ինչպես նաեւ սրահում ցուցադրվող գորգաթելերի ավանդական՝ բնական նյութերով ներկման եղանակին։
Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը պահպանվում է Երեւան քաղաքի պատմության թանգարանում։ Բոլոր ցուցանմուշները «Հայգորգ» արտադրական միավորման եւ դրա ավանդույթները պահպանող, ներկայիս սեփականատեր «Մեգերյան կարպետ» ընկերության գորգերն են։
Տարոն Մարգարյանը հայկական գորգագործության ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու համար «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին պարգեւատրել է քաղաքապետի շնորհակալագրով։
Րաֆֆի Մեգերյանը Երեւանի քաղաքապետին է նվիրել Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով գորգիկ։





























