ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը չի պատրաստվում հեռացնել բողոքող դասախոսներին, ավելին՝ նրանց բողոքին նորմալ է վերաբերում,բայց անհասկանալի է դրա արտահայտման ձեւը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը։
«Այն, ինչ-որ դահլիճում երեկ տեղի ունեցավ, պահվածքի իմաստով շատ անսպասելի եւ մարդ տեսակի, համալսարանականի համար անընդունելի էր, այնպես որ ես համոզված եմ, որ կարեւոր չէ իրենց համար, թե ես ինչ եմ ներկայացնում կամ ասում։ Ես իմ ամփոփ խոսքում ասացի, որ այս ամեն ինչը մեծ ծավալ է եւ կարող է նաեւ սխալ պարունակել։ Օրինակ՝ ես մի վրիպակ գտել եմ»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ երբ 2012թ աշխատավարձերի բարձրացում արեցին, չգիտեին նոր հարկային կարգի մասին, իսկ դրանից հետո երբ հարկային նոր կարգով պայմանավորված նորից բարձրացում արեցին, ստացվեց, որ մոտ երկու անգամ բարձրացում եղավ։ Իսկ այս տարվանից 26-75 հազար դրամով վարձավճարների բարձրացման գումարը ուղղում են լաբորատորիաների ծախսերին։
«Եթե ամբիոնների կողմից դասաժամերի ճիշտ հաշվումներ լինեին, ապա դասախոսները կստանային իրենց աշխատավարձը՝ 6000-10000 դրամով պակաս, բայց եթե սխալ են բաժանում, կարող է ահռելի նվազում լինի»,- ասաց Արա Ավետիսյանը՝ բերելով նաեւ նման հաշվումների օրինակներ։
ՀՊՃՀ ռեկտորն ասաց նաեւ, որ, ցավոք, այսօր Պոլիտեխնիկում պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը մրցույթով չեն անցել եւ ուղղակի հրամանագրվում են, «օգոստոսի 30- ով ազատվում են, հետո նորից հրամանագրվում են»։ Նա նաեւ մեկնաբանեց, որ կրճատվող հաստիքները նորմատիվային են, պետք է կրճատվեր 53 լաբորատորական հաստիք, 107 պրոֆեսորադասախոսական հաստիք։ «Բոլոր ամբիոններին ասվել է, որ սա ծանրաբեռնվածոթյունն է, սա էլ հաստիքների թիվը, ուզում եք տասներկու հոգով արեք, ուզում եք քան հոգով»։ Նա շեշտեց նաեւ, որ աշխատանքից չի ազատվել 53 հոգի,այլ միայն նրանք, ովքեր մասնագիտական պատրաստվածություն չունեին։ Ռեկտորը նաեւ ընդունեց, որ աշխատավարձերի բարձրացման դեպքերը ավելի քիչ են, քան իջնելու դեպքերը։





























