Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ անց է կացվել Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները համակարգող հանձնաժողովի եւ աշխատանքային խմբերի արտահերթ խորհրդակցություն:
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարար Արամ Հարությունյանին ներկայացվել է, որ նախկինում անցկացված գույքագրման արդյունքում քսանհինգ տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել էր 43 ապօրինի շահագործվող խորքային հոր: Երկշաբաթյա ժամկետում վերոհիշյալ տնտեսվարողներից 9-ի մոտ իրականացվել է կրկնակի ստուգայցեր, առաջիկա մեկ շաբաթում նախատեսվում է տեսչական այցեր եւս վեց տնտեսվարողների մոտ: Հայտնաբերված բոլոր ապօրինի ջրօգտագործման դեպքերով կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ: Բոլոր տնտեսվարող սուբյեկտներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ՝ մեկ ամսվա ընթացքում փականների միջոցով դադարեցնել ջրառը՝ հետագայում հորերը կոնսերվացնելու կամ փակելու համար:
Բնապահպանության նախարարը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում Արմավիրի եւ Արարատի մարզերում անցկացնել խորքային հորերի՝ օրինակելի ընթացակարգով կոնսերվացման միջոցառումներ:
Աշխատանքային խումբը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության հաստատման է ներկայացվել «Ապօրինի շահագործվող, ինչպես նաեւ չշահագործվող խորքային հորերի /այդ թվում՝ ինքնաշատրվանող/ համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման եւ կոնսերվացման կարգը հաստատելու ամսին» ՀՀ կառավարության որոշման վերջնական տարբերակը: Շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները ստանալու համար շրջանառության մեջ է դրվել «Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Մշակման փուլում են ոլորտը կարգավորող օերնսդրական փոփոխությունների փաթեթում ներառված մի շարք այլ իրավական ակտերի նախագծեր:
Արամ Հարությունյանը հանձնարարել է արագացնել իրավական ակտերի մշակման աշխատանքները, ինչպես նաեւ կազմակերպել հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ ամենօրյա քննարկումներ:





























