Հայաստանի գյուղացիության աղքատ խավին պետք է միավորել կոոպերատիվներում: Լրագրողներին հոկտեմբերի 11-ին նման տեսակետ է հայտնել «Գյուղացիական շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Ըստ նրա՝ այդ կոոպերատիվներին կառավարությունը պետք է նպատակային օգնություն ցուցաբերի՝ տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով երկարաժամկետ վարկերի տեսքով:
«Սուբսիդիաներ են հարկավոր եւ սերմերի, եւ գյուղտեխնիկայի վառելիքի համար: Այդ դեպքում գյուղացիները կարող են ոտքի կանգնել», – ասել է Սեդրակյանը:
Նա նաեւ հավելել է, որ կոոպերատիվները պետք է լինեն սպառողական, քանի որ այդ դեպքում ԱԱՀ-ի չեն ենթարկվի:
«Սակայն կառավարությունը շահագրգռված չէ գյուղատնտեսության զարգազման հարցում, դա է ապացուցում վերջին 20 տարվա տխուր փորձը: Պաշտոնյաների համար կարեւոր է, որ իրենց հետ կապված բանկերը շարունակեն գյուղացիների հաշվին իրենց համար շահույթ ապահովել»,- ամփոփել է Սեդրակյանը:





























