«Մանդիլիոնը» պատմական, քրիստոնեական գիրք է, բայց դետեկտիվ ժանրում գրված: Այս մասին հոկտեմբերի 11-ին իր գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան  Հովհաննիսյանը՝ նշելով, որ գիրքը գրել է մեկ տարում, ընդ որում՝ երկարատեւ թռիչքների ընթացքում:

Ըստ նրա՝ գիրք գրելու գաղափարը ծնվել է որոշ գրքերում քրիստոնեության էությունն աղավաղող  դրվագների հանդիպելուց հետո, որոնք արդեն ապառնում են ոչնչացնել եղած արժեհամակարգը:

«Դա այնքան ճկուն եւ ճարպկորեն է արվում, որ զարմանալի չէ երիտասարդների՝ այդ գաղափարներով տարվելը», - նշել է  Հովհաննիսյանը՝ օրինակ բերելով Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» եւ այլ գրքեր:

«Մեզ բոլորիս միավորում է այն միտքը, որ մեր ժողովուրդը բավականաչափ ներկայացված չէ համաշխարհային ասպարեզում, եւ մենք ավելիի ենք արժանի քաղաքակիրթ աշխարհում: Սակայն դրան հասնելու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի հայ ժողովուրդը հավատա իր ուժերին, հարկավոր է ժողովրդին ներկայացնել իր սկզբնաղբյուրները: Նաեւ անհրաժեշտ է, որպեսզի մյուսներն էլ դա իմանան, ուստի գիրքը լույս է տեսել ռուսերենով: Մենք պետք է աշխարհին ներկայացնենք մեր տեղը քաղաքակրթության մեջ»:

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնց թվում էին ինչպես իր կուսակիցները, այնպես էլ ՀՀԿ-ական բարձր պաշտոնյաներ, գործիչներ, այդ թվում՝ ԱԺ նախագահի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Եթե հանրահավաք կազմակերպեինք, այսքան մարդ չէր հավաքվի, օրինակ Մանվել Բադեյանն ու  Արմեն Աշոտյանը չէին գա», - կատակել է Հովհաննիսյանը:

Մանդիլիոնը Քրիստոսի  անձեռակերտ պատկերով  մասունք է, որի ծագումը կապվում է Աբգար թագավորի հետ: Եդեսիայի բորոտությամբ տառապող Աբգար արքան նամակ է ուղարկել Հիսուսին՝ խնդրելով բուժել իրեն: Հիսուսը պատասխան նամակ է ուղարկել, բայց չի բուժել: Այդ ժամանակ թագավորը իր ծառա նկարչին ուղարկել է, որպեսզի նկարի Հիսուսին եւ պատկերն իր հետ բերի: Ծառան Հիսուսին գտել է Երուսաղեմում եւ փորձել նկարել: Նրա անհաջող փորձերը տեսնելով՝ Հիսուսը խնդրել է ջուր բերել: Նա լվացվել է եւ երեսը սրբել թաշկինակով, որի վրա հրաշքով տպվել է նրա պատկերը:  Ծառան տարել է թաշկինակն իր հետ, եւ, որոշ պատումների համաձայն, նրա հետ մեկնել է նաեւ Թադեոս առաքյալը: