Հայ-թուրքական սահմանին, հուլիսի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը չի ավարտվել: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության հրամանատար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը՝ NEWS.am գործակալությանը տված հարցազրույցում:
«Չնայած դրան, կոմպետենտ մարմինները, որոնք ստուգումներ են անցկացրել այս փաստի առնչությամբ, հաստատել են զինված սահմանախախտի նկատմամբ Սահմանային վարչության կողմից զենքի կիրառման օրինականությունը»,-ընդգծել է Վլասովը:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին սպանվել է թուրք հովիվ Մուսթաֆա Ուլքերը՝ ազգությամբ ադրբեջանցի: Թուրքական կողմի վարկածով՝ Ուլքերը, որոնելով իր անասուններին, հատել է Հայաստանի հետ սահմանը, վիրավորվել է, իսկ ավելի ուշ՝ մահացել:
Ռուսական կողմի ոչ պաշտոնական վարկածով, 35-ամյա թուրք հովիվը կրակել է ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել է խորանալ Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահները պատասխան կրակ են բացել՝ վիրավորելով սահմանախախտին:




























